Ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակում. Փաշինյան
Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Այս փաստը համարում են Հարավային Կովկասում կայունության և երկարատև խաղաղության հաստատման կարևոր գործոններից մեկը: Այդ մասին Վրաստանում վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցից հետո՝ համատեղ հայտարարության ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր երկրների միջև առկա համագործակցությունը մեր պատկերացումների գործնական արտացոլումն է, թե ինչպիսին պետք է լինեն տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և համընդհանուր զարգացմանը միտված տնտեսական համագործակցության վրա»,- ասաց Փաշինյանը:
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման գործընթացի համատեքստում Փաշինյանը Կոբախիձեի հետ քննարկել է նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացը:
«Ակնկալում ենք, որ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում, ինչի վերաբերյալ արդեն իսկ քննարկեցինք և ունենք ընդհանուր ըմբռնում, որը, կարծում եմ, շատ կարևոր է»,- ասաց վարչապետը: