Մենք մեր երեխաների թշնամին չենք, իսկ նախարարին չենք հավատում. Բագարանում դասադուլը շարունակվում է
Արմավիրի մարզի Բագարան գյուղում շարունակվում է լարված իրավիճակը՝ կապված Բագարանի դպրոցի հետագա ճակատագրի հետ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գյուղացիներն ասում են. «Քանի օր է՝ մեզ փորձում են համոզել, թե դպրոցը չի փակվելու, սակայն մենք այդ ամենը ոչ թե ուզում ենք լսել բանավոր, այլ՝ գրավոր»:
«Մենք ուզում ենք մեր գյուղում միշտ հնչի դպրոցի զանգը, այլ ոչ թե լսենք թուրքի նամազ»,-ավելացրել են նրանք:
Սեպտեմբերի 11-ին Արմավիրի մարզի Բագարան գյուղի միջնակարգ դպրոցում դասապրոցեսը կանգ էր առել։ Պատճառը գյուղի բնակիչների անհանգստությունն ու մտավախությունն էր, որ իրենց դպրոցն առաջիկայում այլևս չգործի։ Պատճառը մի քանի կիլոմետր այն կողմ հարևան Երվանդաշատ գյուղում կառուցվող կրթահամալիրն է։ Գյուղացիները մտավախություն ունեն, որ դրա կառուցումից հետո գյուղի դպրոցը կփակեն:
Գյուղացիները կոչով դիմել են Փաշինյանին.«Դուք պետք է գյուղը փրկեք կործանումից, քանի որ գաղտնիք չէ՝ եթե գյուղում դպրոց չկա, էլ ում է պետք էդ գյուղը։ Ասում են՝ սահմանամերձ գյուղերին տեղ ենք տալիս, էս տեսա՞կ է մարզպետարանը տեղ տալիս։ Դպրոցը փակում եք, որ երեխաների հանդեսների դպրոցի զանգերի փոխարեն լսենք մի քանի հարյուր մետր այն կողմ հակառակորդ պետության նամազնե՞րը։ Մենք չենք հավատում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչների խոսքերին»: