Դեսպան Մակունցը Միչիգանի համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Սեպտեմբերի 11-ին և 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն աշխատանքային այցով գտնվել է Միչիգան նահանգի Դետրոիտ, Էնն Արբոր և Դիըրբորն քաղաքներում։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից;
Դեսպանը քաղաքավարության հանդիպում է ունեցել Դետրոիտի քաղաքապետ Մայք Դագընի հետ, հանդիպել է Օքլանդի գործադիր Դեյվիդ Քաուլթերին և Օքլանդի տնտեսական զարգացման տնօրեն Ջեան Բրոդին։ Վերջիններս դեսպանին ներկայացրել են Տավուշի մարզի հետ հնարավոր տնտեսական համագործակցության գաղափարը, որին դեսպան Մակունցը պատրաստակամություն է հայտնել աջակցել։
Դիըրբորն քաղաքում դեսպանը հյուրընկալվել է Միչիգանի համալսարանի Դիըրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի կողմից։ Համալսարանում տեղի է ունեցել հանդիպում համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում դեսպանը համապարփակ ներկայացրել է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ՀՀ անվտանգային իրավիճակին, ռազմագերիների և այլ պահվող անձանց առնչությամբ տարվող աշխատանքին, խաղաղության օրակարգին, սահմանազատման գործընթացին, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։
Շուրջ 2 ժամ տևած հարցուպատասխանի ընթացքում դեսպանն անդրադարձել է նաև այլ լրացուցիչ հարցերի։
Այցի երկրորդ օրը Էնն Արբոր քաղաքում դեսպանը հյուրընկալվել է Միչիգանի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից։ Հանդիպմանը ներկա են եղել ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ։