«Եկանք մեր աչքով տեսնելու». Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Կոռնիձորի սահմանային հատված
Ֆրանսիայից Հայաստան ժամանած պատվիրակությունը, որը գլխավորում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, այցելել է Կոռնիձորի սահմանային հատված: NEWS.am-ի թղթակիցը հաղորդւոմ է, որ պատվիրակության անդամները ծանոթացել են իրավիճակին, շրջել այն հատվածում, որտեղ Արցախ մուտքին են սպասում մարդասիրական բեռներով բեռնատարները, այդ թվում այսօր այնտեղ հասած ֆրանսիական բեռներով 10 բեռնատարները:
Ֆրանսիական պատվիրակությանն ուղեկցում են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:
Լրագրողների հետ զրույցում Փարիզի քղաքապետն ասաց, որ եկել ենք իրավիճակը տեսնելու, հասկանալու, որպեսզի սեփական աչքով տեսնեն եւ վկայեն, որ Լաչինի միջանցքը փակ է: Նա նաեւ կարեւորեց իրավիճակին ճիշտ որակում տալը, եւ արդեն որոշ մասնագետներ այն կոչում են ցեղասպանության սկիզբ
Նշենք, որ պատվիրակությամ կազմում է Փարիզի քաղաքապետ ԱՆՆ Իդալգոն, Ֆրանսիայի Սենատի անդամ Բրյունո Ռետայոն, Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը եւ այն շրջանների ղեկավարները, որոնք տրամադրել են օգնությունը:
Անն Իդալգոն ուղեկցում է 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը, որը Արցախի համար նախատեսված հումանիտար օգնություն է հասցնում Կոռնիձոր։ Օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի քաղաքներից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով 10 բեռնատար մեքենաներն առավոտյան Երևանից շարժվել են դեպի Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի անցակետ: Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։