Ժամանակը հաշված է․ Փարիզի քաղաքապետը Կոռնիձորի ճանապարհից լուսանկար է հրապարակել
Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն X-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել՝ Կոռնիձոր ուղևորվելու ճանապարհից։ «Հայաստանում՝ Փարիզի և այլ համայնքների ընտրյալների հետ։
Ինը ամիս շարունակ Արցախում 120 հազար հայ, այդ թվում՝ 30 հազար երեխա, մեկուսացված է, սովի մատնված, ամեն ինչից զրկված։
Այս հումանիտար աղետին առերեսվելով՝ մենք նրանց շտապ օգնություն ենք ցուցաբերում։
Ժամանակը հաշված է»,- նկարին կից գրել է Փարիզի քաղաքապետը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան հումանիտար օգնություն է առաքել Հայաստան։ Շարասյունն այսօր առավոտյան Երևանից շարժվել է դեպի Հակարիի կամուրջ, որի վրա ադրբեջանական կողմը ապօրինի անցակետ է տեղադրել։
Նշենք, որ հումանիտար օգնությունն ուղարկվել է Փարիզի և Ֆրանսիայի մի շարք խոշոր շրջանների կողմից։
Շարասյունն ուղեկցում է ֆրանսիացի պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորությամբ։
Ֆրանսիայի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարը Հայաստանի կառավարության ուղարկած շարասյանն էր միացել օգոստոսի 9-ին։
Հիշեցնենք՝ ավելի քան մեկ ամիս է՝ Կոռնիձորում է մնում ՀՀ կառավարության ուղարկած ավելի քան 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներով բարձված բեռնատարները։
Այս պահին դեռ պարզ չէ՝ արդյոք ֆրանսիական օգնությունը կհաջողվի Լաչինի անցակետով տեղափոխել Արցախ, թե՝ ոչ։