Որտեղի՞ց այդքան կամք, Արցախում ամեն ինչին դիմանում են, չեն հանձնվում. սովամահ կլինենք, բայց Աղդամի ճանապարհը չպետք է գործի. Համլետ Մարտիրոսյան
Երբ մեկի տանը հիվանդ կամ հանգուցյալ է լինում, բարեկամի տանը խնջույքներ չեն կազմակերպում։ Այսօր ՀՀ իշխանությունը խախտում է հայերիս մեջ ընդունված այդ ավանդույթը. ինչպե՞ս կարելի է այս օրերին համերգներ, խնջույքներ կազմակերպել, երբ ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր այն կողմ հայրենակիցներդ սովամահ են լինում։ Ազգային արժանապատվություն չկա՞ ձեր մեջ։ Եթե Փաշինյանը մնա վարչապետ, Հայաստանը վերածվելու է Լյուքսեմբուրգի նման քաղաք-պետության։ Այդ մասին Aysor.am-ի հետ զրույցում նշել է արձակագիր Համլետ Մարտիրոսյանը։
«Հարցնում եք՝ ինչպե՞ս ստացվեց, որ 90-ականներին ավելի վատթար պայմաններում հաղթանակեցինք, կարող եմ պարզագույն օրինակով պատասխանել՝ 90-ականներին պատգամավորներ էին Սիլվա Կապուտիկյանը, Սերգեյ Համբարձումյանը, Վարդգես Պետրոսյանը, այս օրերի պատգամավորներն ի՞նչ որակի մարդիկ են»։
Համլետ Մարտիրոսյանը հանկարծ զրույցն ընդհատում է, ներողություն խնդրում ծանր շնչառության համար. Ստեփանակերտում միայն քայլելով է հնարավոր տեղաշարվել, այլ տարբերակ չկա։
«90-ականներին կար միասնություն, բոլորը մեկ գաղափարի շուրջ էին միաբանվել, չնայած, այն ժամանակ պայմաններն ավելի վատն էին, մութ ու ցուրտ տարիներին ավելացրեք ամենօրյա ռմբակոծությունները, քաղաքում ամեն օր մարդ էր մահանում, բայց դիմացանք, որովհետև բոլորն ունեին մեկ նպատակ։ Այսօր, ցավոք, այդ նպատակը տրոհվել է, յուրաքանչյուրը մտածում է նեղ վիճակից օգուտ քաղելու մասին։ Այդպիսի մարդիկ կան նաև Արցախում, բայց, իհարկե, ազնվորեն պետք է արձանագրել՝ Արցախում մեծամասնությունն ունի մեկ մտահոգություն՝ հայրենի հողը, նախնիների գերեզմանը, ժառանգների ապագան։
Մենք պիտի մեկ նպատակ ձևակերպենք, ինչպես արեցին հրեաները։ Ցավոք, Հայաստանում էլիտան ձախողեց, մտավորականներն անցել են ջրի հատակը, մինչև կանցնի վտանգը։ Երբ Ալիևը ամբողջ Հայաստանը ներկայացնում է ադրբեջանական, ինչու՞ մեր պատմաբանները միասնաբար պատմական փաստերով չեն հակադարձում Ալիևին, բոլորը համամի՞տ են, որ Հայաստանն էլ հանձնեն թուրքի։ Նրանք, ովքեր այդ կարծիքին չեն, ինչու՞ չեն ընդվզում. այս ի՞նչ տարօրինակ անտարբերություն է Հայաստանում։ Մինչդեռ 90-ականներին այդպես չէր, մեկը մյուսի հանդեպ կարեկից էր, սիրով լցված և դրա համար հնարավոր եղավ անմարդկային դժվարությունները հաղթահարել։
Այս օրերին տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում մարդկանց չի հուզում Արցախը կլինի՞, թե՞ ոչ, մարդիկ սովամահ կլինե՞ն, թե՞ ոչ։ Մինչդեռ կուզեի մեկ օր ՀՀ-ից հայտնվեին Արցախում, տեսնեին՝ ինչ է կատարվում։ Գիտեք, ես էլ երբեմն զարմանում եմ՝ որտեղի՞ց մարդկանց այդքան ուժ, կամք. ամեն ինչին դիմանում են, չեն հանձնվում։ Մարդիկ ամբողջ գիշեր հերթ են կանգնում, որ լուսաբացին, առավոտյան հաց տանեն տուն, բայց լինում է, որ ժամեր շարունակ հերթի մեջ սպասող մարդիկ իրենց տեղը զիջում են հաշմանդամություն ունեցողներին, փոքրահասակ երեխաներ ունեցող կանանց, ոչինչ, որ իրենք առանց հացի տուն գնան։ Այս երևույթներն են, որ ապրեցնում են։ Այն, որ անմարդկային պայմաններում մարդկային նկարագիրը չենք կորցնում, ոգևորում է»։
Հանկարծ մի պահ հանդարտվում է պարոն Մարտիրոսյանի շնչառությունը, ապա շարունակում է. «Հենց հիմա անցնում եմ մարդկանց կողքով, մեկ արկղ խաղող է վաճառվում, պիտի տեսնեք՝ տղամարդիկ մի կողմում հանդարտ սպասում են մինչև որ կանայք ավարտեն գնումը։
Հասկանալի է չէ, որ եթե կորցնենք Արցախը, թշնամին անմիջապես ՀՀ-ն է բզկտելու, իսկ Հայաստանը հեշտությամբ կկլանեն, որովհետև դիմադրության իմունիտետ չկա։ Մենք գիտենք, որ պիտի դիմանանք նաև Մայր Հայաստանի համար, պիտի Արցախում մնանք, որ ապրենք»։
Նա նկատում է՝ իհարկե, կան մարդիկ, որ դեմ չեն ճանապարհի միակողմանի բացմամբ հեռանալուն, բայց քիչ են այդպիսնները և իրենք եղանակ չեն փոխելու։
«Մերոնք պատրաստ են սովամահ լինել, բայց ունեն որոշում՝ Աղդամի ճանապարհը չպետք է գործի։ Պատահական չէ, որ Տատիկ-Պապիկի կոթողը միայն գլուխներ է մարմնավորում, մարմինները հողի մեջ են։ Այդ կոթողն արցախցիների հավաքական ինքնության քարեղեն արտացոլանքն է. արցախցիները կառչած են հայրենի հողից։ Ես հավատում եմ, որ Արցախը մնալու է հայկական, որ ոչ մի դեպքում չի լինելու Ադրբեջանի կազմում, գիտեք, հավատում եմ, որ այս վատ օրերն անցնելու են։ Ինձ մի հարց էլ է հուզում՝ մեր հայրենակիցներն ինչպե՞ս են նայելու արցախցիների աչքերի մեջ, որոնց այս դժվար օրերին մենակ են թողել»։