Երևանի տրանսպորտի տեղաշարժին հնարավոր կլինի հետևել օնլայն հարթակներում. ավտոբուսներում հասանելի կլինի անվճար wi-fi
Երևանի հասարակական տրանսպորտի տեղաշարժն առաջիկայում կերևա օնլայն քարտեզների վրա, ինչը քաղաքացիներին հնարավորություն կտա օնլայն հարթակներում տեսնել ավտոբուսների տեղաշարժը։ Այս մասին նշվեց այսօր՝ օգոստոսի 28-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ընթացքում:
«Օնլայն քարտեզների վրա Երևանի հասարակական տրանսպորտի տեղաշարժն ամրագրելու համար անհրաժեշտ սարքավորումներն արդեն մատակարարվել են, այս պահին իրականացվում են սարքերի կոնֆիգուրացման և տեղադրման աշխատանքները»,-ասվել է նիստի ժամանակ։
Նշվեց, որ յուրաքանչյուր երթուղու կահավորումից հետո դրա մասին կհայտարարվի։ Նշված աշխատանքների շրջանակներում քաղաքացիները հնարավորություն կունենան ոչ միայն առցանց ռեժիմով տեսնել ավտոբուսի շարժը և դրա մոտենալու ժամանակահատվածը դեպի նախատեսված կանգառ, այլ տվյալ ավտոբուսում հասանելի կլինի անվճար wi-fi ծածկույթ՝ ինտերնետ հասանելիությամբ։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ սա նույնպես կարևորագույն բարեփոխումներից մեկն է հանրային տրանսպորտի ոլորտում. «Բարեփոխումը միայն շարժակազմը փոխելը չէ, միայն «Գազել»-ները վերացնելն ու նոր ավտոբուսներ բերելը դեռ բարեփոխում չէ։ Բարեփոխումն այս համակարգային լուծումներն են՝ միասնական տոմսային համակարգի ներդրումը, շարժակազմի վրա GPS սարքերի տեղադրումը, որը մեզ թույլ կտա օնլայն հարթակներում տեսնել, թե որ ավտոբուսը որտեղ է և քանի րոպեից կհասնի կանգառ։
Կարևոր է նաև կանգառներում այս ինֆորմացիայի տեղադրումը, որովհետև, երբ այդ սարքերը տեղադրվեն ավտոբուսների մեջ, մենք դրանց կոնկրետ տեղադիրքը տեսնելու ենք և կարողանալու ենք կանխատեսել, թե քանի րոպե հետո որ ավտոբուսը որ կանգառում կլինի»,- նշեց Ավինյանը՝ հավելելով, որ առաջիկայում ընդլայնվելու են նաև միայն հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերը։