Ինչ-որ մեկը գետնանցումում ջարդում է հաշմանդամների վերելակը, հետո մեկ այլ մեկը գնում նկարվում է դրա կողքը. Ավինյան
Երեւանի Մաշտոցի պողոտայի գետնանցումում տեղադրվել է հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված վերելակներ, մյուսը տեղադրվելու է Բաղրամյան պողոտայի վրա գտնվող թիվ 76 դպրոցի հարևանությամբ գտնվող գետնանցումում: Այս մասին նշվեց այսօր՝ օգոստոսի 28-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ոստիկանություն փոխանցվել է հաղորդում Բաղրամյան պողոտայի գետնանցումում նոր տեղադրված վերելակը կոտրելու դեպքի վերաբերյալ:
Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության աշխատակիցը պատասխանեց, որ հաղորդում ուղարկվել է, իսկ ոստիկանության Երևանի բաժնի պատասխանատուն զեկուցեց, որ ընթացք է տրված դիմումին:
«Շատ կարևոր է, որ այս անգամ քննությունն արդյունք տա: Առաջին անգամ գետնանցումում տեղադրել ենք հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վերելկներ, ասենք երեք շաբաթ չանցած, ինչ-որ մեկը ջարդում է այն, հետո մեկ այլ մեկը գնում նկարվում է դրա կողքը, ես ուզում եմ նաև այս բոլոր հնարավոր կապերն էլ հասկանանք: Միգուցե այստեղ էլ կապ լինի, որովհետև ես չեմ տեսնում, թե որն է իմաստը և նպատակն այն ջարդելու»,-հայտարարեց Ավինյանը: