Շարունակեք նույն ձեւ, ոնց որ աշխատում եք, մենակ նենց արեք, ձեզ վրա չգոռան, ոնց որ Հայկոյի վրա. բնակիչը՝ Ավինյանին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր՝ օգոստոսի 27-ին, նախընտրական քարոզարշավը շարունակել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Բնակիչները նրան բողոքել են անձրեւատարներից, որոնք նորմալ ջրահեռացոււմ չեն կատարում: Ավինյանը, որը շրջում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի եւ համատիրությունների ղեկավարների հետ, հանձնարարել է կարգավորել խնդիրը:
«Մենք որոշել ենք այս ընտրություններին ձեզ ձայն տանք, էս 7-8 շենքը լրիվ ձեր օգտին է: Շարունակեք նույն ձեւ, ոնց որ աշխատում եք, մենակ նենց արեք, ձեզ վրա չգոռան, ոնց որ Հայկոյի վրա»,- ասաց տաղավարում նստած տարեց տղամարդկանցից մեկը:
Ավինյանը բարձրախոսով հայտարարեց, որ տարբեր բակերում են լինում, մի տեղ ասել են խաղահրապարակ, մի տեղ կոյուղի, մի տեղ զբոսայգի են պահանջել, մի տեղ էլ աշխարհաքաղաքական պահանջներ են դրել, այդ խնդիրներն էլ դարձել են իրենց նախընտրական ծրագրի կետերը:
«Էն, ինչ-որ դուք մեզ կասեք, մեզ կհանձնարարեք, ինչի գնով էլ լինի, դա է լինելու մեր ծրագիրը, որը մենք անպայմանորեն անելու ենք, հետեաբար ասեք՝ կանենք»,- ասաց նա:
Շենքերից մեկի բակում էլ մի կին մոտեցավ, ասաց, որ պատերազմում վիրավորվածի մայր է եւ խնդրում է շենքի համար անվասայլակի հարմարություն ստեղծել, ինչին ի պատասխան Ավինյանը խոստացավ անել: