2 օր առաջ Արցախի իշխանությունը հրապարակային դիմեց ՌԴ-ին. մինչ այս պահն որևէ պատասխան չկա. պատգամավոր
Մինչ այս պահն արցախյան առաջարկի վերաբերյալ որևէ պատասխան կամ արձագանք չկա` ո´չ հրապարակային, ո´չ էլ որքան տեղյակ եմ` ներքին խողովակներով, իսկ իրադրությունն Արցախում շարունակում է սրընթաց անկման գնալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«2 օր առաջ Արցախի իշխանությունը հրապարակային դիմեց ՌԴ-ին` Ադրբեջանի հետ անվտանգ վայրում հանդիպում կազմակերպելու և առաջացած խնդիրները քննարկելու համար:
Այս թեմայի վերաբերյալ նախօրեին տեսաուղերձով խոսեց Արցախի պետնախարարը, ով ընդգծեց, որ անվտանգ հանդիպման վայր ասելով նկատի ունեն, օրինակ` ռուսական ռազմակայանը կամ մեկ այլ վայր, բայց ոչ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք:
Ադրբեջանի վերահսկողության որևէ հատվածում չկա երաշխիք, որ բանակցողների անվտանգությունը կպաշտպանվի և այս տեսանկյունից մոտեցումը տրամաբանական է:
Հաջորդ հանգամանքը, որն ուրվագծվում էր արցախյան առաջարկում այն էր, որ ադրբեջանցիների հետ հանդիպումը պետք է լինի միջնորդների ներկայությամբ ու անհրաժեշտ երաշխիքներով, որ փոխադարձ պայմանավորվածությունները չեն վրա թղթի վրա:
Այն ուժերը, որոնք պնդում են, որ կարելի է ադրբեջանցիների հետ առանց միջնորդների ու միջազգային երաշխիքների հավասար պայմաններում բանակցել` կա´մ սիրողական մոտեցում ունեն քաղաքական գործընթացների վերաբերյալ, կա´մ Արցախը նպատակային տանում են ադրբեջանացման ճանապարհով:
Արձանագրենք, որ մինչ այս պահն արցախյան առաջարկի վերաբերյալ որևէ պատասխան կամ արձագանք չկա` ո´չ հրապարակային, ո´չ էլ որքան տեղյակ եմ` ներքին խողովակներով, իսկ իրադրությունն Արցախում շարունակում է սրընթաց անկման գնալ»: