Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին
Օգոստոսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ իրականացված եւ նախանշվող քայլերին, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին:
ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել վերջին երեք տարներին այս ուղղությամբ դեսպանի կողմից ներդրված ջանքերը՝ հանձնելով ՀՀ ԱԳՆ պատվո մեդալ եւ մաղթելով հաջողություն հետագա դիվանագիտական աշխատանքում:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի՝ մասնավորապես քննարկելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը: Կարեւորելով միջազգային կազմակերպությունների, երկրների, այդ թվում՝ Նիդերլանդների կողմից արտահայտված հստակ դիրքորոշումները՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման ուղղությամբ քայլեր իրականացնելու հրատապությունը։
Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելուն եւ կարող է էականորեն խաթարել տարածաշրջանում կայունության հաստատման գործում Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերին: