Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում վարում է էթնիկ զտման դասական քաղաքականություն․ Մարուքյան
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում վարում է էթնիկ զտման դասական քաղաքականություն։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Մեր տեղեկություններով՝ Բաքուն նախատեսում է Լաչինի միջանցքի միակողմանի բացում՝ Լեռնային Ղարաբաղի հայերին այնտեղից դուրս մղելու նպատակով՝ առանց վերադարձի հնարավորության։ Սա էթնիկ զտման դասական քաղաքականություն է: Սկզբում անդադար կրակում են, սպանում, մարդկանց առևանգում, երկար ժամանակ սովի մատնում, իսկ հետո դուրս գալու ճանապարհ են բացում միայն նրա համար, որ այդ անմարդկային պայմաններից հյուծված մարդիկ լքեն Լեռնային Ղարաբաղը՝ առանց վերադառնալու հնարավորության։ Դա պետք է դադարեցվի միջազգային միջամտությամբ»,- նշել է Մարուքյանը։
Նա կոչ է արել ԱՄՆ նախագահին և պետքարտուղարին, Ֆրանսիայի նախագահին և ԱԳ նախարարին, Եվրոպական խորհրդի նախագահին և արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարին՝ միջամտելու և վերջ դնելու Լաչինի միջանցքի փակմանը։