Ավագանու անդամի 3 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 24-ի հերթական նիստում հաստատել է ԱԺ պատգամավորին մանդատ տրամադրելու արձանագրությունը։
«Այսպիսով՝ ինքնաբացարկի դիմում ներկայացրած և լիազորությունները վաղաժամ դադարած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանի մանդատը տրամադրվեց նույն դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Ալբերտի Մելիքյանին։
Երևանի ավագանու ընտրություններում գրանցված «Ուժը հայրենյաց» և «Ազգային առաջընթաց» կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ավագանու անդամի երեք թեկնածու ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ԿԸՀ։
«Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Սոնա Խարբերտյանի և Եկատերինա Վալեանուի ինքնաբացարկի դիմումները սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել, հետևաբար վերջիններիս ներկայությունը պարտադիր չի եղել նիստին։
Իսկ ինքնաբացարկի դիմում ներկայացրած ավագանու անդամի մյուս թեկնածու Էլինա Ավետիսյանն անձամբ է դիմումը փոխանցել հանձնաժողովին՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, քանի որ դիմումը չի պարունակել նոտարական վավերացում»,- ասված է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։