«Նուբարաշենի համար առաջիկա հինգ տարվա ամենակարևոր ծրագիրն աղբավայրի կոնսերվացումն է». Տիգրան Ավինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն իր նախընտրական քարոզարշավը սկսել է մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանից։
Նա զրուցել է բնակիչների հետ, հետաքրքրվել տրանսպորտի վիճակից։ Ավինյանը նշել է, որ հանրային տրանսպորտն այլ տրամաբանությամբ է զարգանալու՝ լինելու են քչաքանակ ավտոբուսներ, բայց ավելի տարողունակ։ Ըստ նրա՝ քիչ քանակով ավտոբուսների տրամաբանությունը լինելու է մի փոքր այլ. «Եթե ավտոբուսով ինչ-որ տեղ գնաք ու կանգառում իջնեք, մյուսը նստեք, դրա համար կրկնակի չեք վճարի։ Միասնական տոմսային համակարգը դա թույլ է տալիս»,- ասել է նա։
Ըստ Ավինյանի՝ Նուբարաշենի համար առաջիկա հինգ տարվա ամենակարևոր ծրագիրն աղբավայրի կոնսերվացումն է. «Եվ մենք դա անելու ենք․ խոստանում ենք»,- ասել է Ավինյանը։
Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ իրենք եկել են «Ասեք, և մենք կանենք» կարգախոսով։