Շառլ Միշելը կոչ է արել հնարավորինս շուտ երկխոսություն սկսել Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կոչ է անում հնարավորինս շուտ երկխոսություն սկսել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչների միջև, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ։
Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է եվրոպական աղբյուրը:
«Նախագահ Միշելը ադրբեջանական կողմին ասել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրատապ անհրաժեշտության մասին՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան կարգադրության և հետագա էսկալացիան կանխելու նպատակով: Միշելը կոչ է անում Բաքվի և Ստեփանակերտի միջև հնարավորինս շուտ երկխոսության հանդիպում կազմակերպել»,- ասել է նա։
Աղբյուրի համաձայն՝ Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է անում բոլոր կողմերին խուսափել հումանիտար հասանելիության հարցը քաղաքականացնելուց։
Նա հավելել է, որ Միշելը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մշտական կապի մեջ են Երևանի, Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ «ապաշրջափակման տարբերակները քննարկելու համար»։