Յուրաքանչյուրիս պարտքն է պաշտպան լինել մեր անկախությանն ու մեր պետականությանը. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ։
33 տարի առաջ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Այս հիմնադիր փաստաթղթով որդեգրվել են մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքները, պետությունը ստանձնել է այնպիսի հիմնարար իրավունքների ապահովման պարտականություն, ինչպիսիք են իրավահավասարությունը, խոսքի, մամուլի, խղճի ազատությունը:
Ուստի, Անկախության հռչակագրով հաստատված պետականության ամրապնդման եւ զարգացման համար հիմնաքարային նշանակություն ունի մարդու իրավունքների արդյունաավետ իրացման ապահովումն ու պաշտպանությունը:
Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուրիս պարտքն է պաշտպան լինել մեր անկախությանն ու մեր պետականությանը»,- նշվում է ուղերձում: