Եկամուտ չունեցող փոխնախարարը նոր բնակարան ու մեքենա է գնել
2023 թվականի հունվարի 3-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի տեղակալ է նշանակվել Արաքսիա Սվաջյանը։
Մինչ նախարարի տեղակալ դառնալը, Սվաջյանը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն է եղել։ Նախարար դառնալուց հետո, նախկին հաստիքը «նվիրել է» ընկերուհուն՝ Լիլիթ Մնացականյանին, թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության տնօրենի պաշտոնն էլ՝ իր ընկեր Գոռ Մսրիկյանին։
Նախարարությունում հայտնվելուն պես Սվաջյանն իր մտերիմներին պաշտոններ է տալիս։ Օրինակ՝ փոխնախարարը պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց, իր մտերիմ Թամարա Սարգսյանին նշանակել է ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ։ Վերջինս Սվաջյանի և Ժաննա Անդրեասյանի հետ մտերմություն ունենալու շնորհիվ է պաշտոնի եկել։
Մինչ նախարար դառնալը՝ 2016 թվականին, Սվաջյանը Կենտրոն վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքում ձեռք է բերել բնակարան, իսկ 2020 թվականին ևս մեկ բնակարան է գնել բազմաբնակարան շենքում։ 2022 թվականին Սվաջյանը ձեռք է բերել 2014 թվականի արտադրության Mazda մակնիշի ավտոմեքենա։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 453 հազար դրամ և 346 եվրո։
Սվաջյանի հայտարարագրում այլևս ոչ մի բաժին լրացված չէ։ Հայտարարագիր լրացնելու ժամանակ Սվաջյանն արդեն իսկ նախարարի տեղակալ էր, և նույնիսկ այդ շրջանի եկամուտների մասին ոչինչ չկա։