Մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քարոզարշավը կշարունակվի մինչև սեպտեմբերի 15-ը, իսկ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին։
Ընտրություններին մասնակցելու համար գրանցված քաղաքական ուժերի մեծ մասն արդեն իսկ ներկայացրել են քարոզարշավի առաջին օրվա իրենց ծրագրերը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է) քարոզարշավը կսկսի Երևանի Նուբարաշեն վարչական շրջանից։ Բնակիչների հետ կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը կմեկնարկի ժամը 17։00-ին, Նուբարաշենի կենտրոնական այգու մոտ։
«Ապրելու երկիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է) քարոզարշավը կսկսի Արաբկիր վարչական շրջանից։ Կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը կտա ժամը 12։00-ին։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Դավիթ Խաժակյանն է) քարոզարշավը կսկսի Արշակունյաց պողոտայից՝ Էռնեստ Թելմանի անվան թիվ 13 հիմնական դպրոցի հարակից տարածքից, ժամը 11։00-ին։
«Արդար Հայաստան» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Նորայր Նորիկյանն է) քարոզարշավի մեկնարկը կտա կուսակցության ծրագրի ներկայացմամբ, որից հետո տեղի կունենա քայլերթ մայրաքաղաքի փողոցներով ու շփում քաղաքացիների հետ։ Կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը կտա «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնից, ժամը 17։00-ին։
«Մայր Հայաստան» դաշինքը (քաղաքապետի թեկնածուն Անդրանիկ Թևանյանն է) քարոզարշավը կսկսի Շառլ Ազնավուրի հրապարակից, որտեղ ժամը 19։00-ին կմեկնարկի դաշինքի հրավիրած հավաքը։
«Հաղթանակ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Վիկտոր Մնացականյանն է) քարոզարշավի մեկնարկը կտա Աջափնյակի գեղագիտական կենտրոնից, որտեղ ժամը 19։00-ին Վիկտոր Մնացականյանը երևանցիներին հրավիրում է զրույցի։
«Հանրապետություն» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է) քարոզարշավի մեկնարկը կտա Կասկադի վերնամասի, 50-ամյակի հուշակոթողի հրապարակում, ժամը 18։30-ին։
Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են նաև «Ազգային առաջընթաց» (քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է), «Հանրային ձայն» (քաղաքապետի թեկնածուն Արտակ Գալստյանն է), «Միացյալ Հայաստան» (քաղաքապետի թեկնածուն Երվանդ Թարվերդյանն է), «Հանուն սոցիալական արդարության» (քաղաքապետի թեկնածուն Արման Ղուկասյանն է), Հայաստանի Եվրոպական (քաղաքապետի թեկնածուն Տիգրան Խզմալյանն է), «Ժողովրդավարական համախմբում» (քաղաքապետի թեկնածուն Սուրեն Պետրոսյանն է), «Ուժը հայրենյաց» (կուսակցության թեկնածուն Նելլի Հարությունյանն է) կուսակցությունները։