«Գոլդեն Փելիս» հյուրանոցի նոր գնորդը չի կարողանում վճարել գումարը․ «Փաստինֆո»
Ծաղկաձորում «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գնման նպատակով նոր սեփականատերը «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը, պետք է վճարի տույժեր՝ հյուրանոցի ձեռք բերման վճարը ուշացնելու համար։ Տույժի գումարն այս պահին գնահատվում է 30 մլն դրամ, որը կփոխանցվի պետական բյուջե, գրել է «Փաստինֆո»-ն։
«Գոլդեն փելիս» հյուրանոցը Մաքսային պետական կոմիտեի նախկին տնօրեն Արմեն Ավետիսյանի ընտանիքը 2019 թ.-ին քրեական գործը կարճելու դիմաց նվիրեց պետությանը։ Գույքը նվեր ստանալուց հետո պետությունը փորձեց վաճառել այն։ Հյուրանոցը 7.5 միլիարդ դրամով աճուրդի դրվեց, սակայն գնորդ չհայտնվեց ու կրկնաճուրդներով գինը նվազեց։ Հետագայում որոշում կայացվեց հյուրանոցը վաճառել ոչ թե աճուրդով, այլ մրցույթով։ 2022 թ.-ին հայտարարվեց, որ հյուրանոցը տարաժամկետ վճարման պայմանով գնել է միակ հայտատուն՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ Այս ընկերության սեփականատերը գործարար Նարեկ Նալբանդյանն է։ Նրա անունը մեկ այլ աղմկահարույց գործարքի հետ է կապված։ Նարեկ Նալբանդյանի կինը, քրեական գործի առկայության պայմաններում, ձեռք բերեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող առանձնատունը։ Իրավապահները որևէ կերպ չեն խոչընդոտել այս գործարքին։
2022 թ.-ին «Գոլդեն փելիս» հյուրանոցը «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին վաճառվել է 5 միլիարդ դրամով և սահմանվել է, որ առաջին վճարումը (1 միլիարդ դրամը) պետք է կատարվի 2022-ին։ Երկրորդ վճարումը նախատեսվում էր մինչև 2023թ հուլիսի 1-ը, սակայն, ինչպես պարզվեց՝ Նարեկ Նալբանդյանն այն չի կատարել։
Պետական գույքի կառավարման կոմիտեից «Փաստինֆո»-ին ասել են, որ գույքի գնորդ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ի կողմից 2-րդ վճարումը պետք է կատարվեր ոչ ուշ, քան սույն թվականի հուլիսի 1-ը, սակայն վերջինս սահմանված ժամկետում չի կատարել ։ 28.07.2023 թ. գրություն է ներկայացրել Կոմիտե ու նշել, որ ընկերությունը պարտավորվում է վճարել 1 միլիարդ դրամի պարտավորությունը՝ մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը ներառյալ, ինչպես նաև չվճարած ժամանակահատվածի տույժ-տուգանքները, որը կկազմի մոտ 30 մլն։