Երևանում ռեզիդենտ դեսպանություն բացելու Բելգիայի կառավարության որոշումը ամուր գործընկերության փաստ է․ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 22-ին ընդունել է Բելգիայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ արտաքին առեւտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են խորհրդարանից։
Հաղորդագրությունում նշված է․
«Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի եւ Բելգիայի խորհրդարանների ակտիվ համագործակցությունն առանցքային գործիք է երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար: Նա ամուր գործընկերության փաստ է համարել նաեւ Երեւանում ռեզիդենտ դեսպանություն բացելու Բելգիայի կառավարության որոշումը: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի եւ Բելգիայի միջեւ արդյունավետ եւ կառուցողական երկխոսության երկկողմ ու բազմակողմ բեւեռները՝ ընդգծելով հատկապես Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակը:
Հանդիպման առանցքում է եղել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած օրհասական իրավիճակը: Զրուցակիցները համակարծիք են եղել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման հարցում: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ բելգիացի գործընկերներից գործուն քայլեր է ակնկալում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության հարցում: Նա կարեւորել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցում միջազգային մեխանիզմների ներգրավման անհրաժեշտությունը եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության ակտիվ քննարկումները»: