Երեւանի ավագանու ընտրություններին բոլոր 475 ընտրատեղամասերից լինելու է ուղիղ հեռարձակում. Վահագն Հովակիմյան
Երեւանի ավագանու ընտրություններին բոլոր 475 ընտրատեղամասերից լինելու է ուղիղ հեռարձակում: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
Նա նաեւ ներկայացրեց, թե ինչպես է քաղաքացին ինչպես է կատարելու իր ընտրությունը.
«Ընտրողին տրվելու է 14 քվեաթերթիկ, եւ մեկ ծրար: Ընտրողը քվեախցում իր նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկն ընտրելու է եւ դնելու է ծրարի մեջ: Դա արվել է այն բանի համար, որ ընտրողի կամքի վերահսկողության հնարավոր բացասական գործիքները վերանան: Եվ ընդամենը նշման ծուռ կամ ուղիղ լինելով քվեաթերթիկներն անվավեր դարձնել չի լինի: Գրիչ չի լինելու, եւ չի կարելի: Եթե ընտրողը ցանկանում է անվավեր ճանաչվի իր ընտրությունը, ապա կարող է քվեաթերթիկը պատռել եւ դնել ծրարի մեջ»:
Նա նաեւ նշեց, որ Երեւանի քաղաքապետարանի հետ աշխատել են, որպեսզի ներառական տեղամասերը հնարավորինս շատ լինեն.
«Մեր տեղամասերի 30 տոկոսը ներառական է: Շարժման խնդիր ունեցող մեր ընտրողների համար է այդ հնարավորությունը ընդձեռնվել, որպեսզի անարգել մասնակցեն քվեարկությանը»:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու է 14 քաղաքական ուժ. դրանք են՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները եւ «Մայր Հայաստան» դաշինքը (կազմում՝ «Երկիր ծիրանի» եւ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը։
Նշենք, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 15-ը։ Քվեարկության նախորդ օրը՝ սեպտեմբերի 16-ին, ինչպես նաեւ քվեարկության օրը քարոզչությունն արգելվում է։