ՄԱԿ-ի ԱԽ նիստում հիմնական դերակատարները պետք է ամրագրեին՝ Արցախի հարցը ռազմական լուծում չունի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պաատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«ՄԱԿ-ի ԱԽ նիստի հիմնական անպտուղ քննարկումները ծավալվեցին Արցախի հումանիտար վիճակի ու կոմունիկացիաների շուրջ, սակայն միջազգային հիմնական դերակատարների առաջին խնդիրը պետք է դառնար կոշտ ամրագրումը, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի:
Ադրբեջանը չի թաքցնում, որ Հայաստանի ու Արցախի հետ ունեցած խնդիրներում առաջնորդվում է այն մոտեցմամբ, որ միջազգային տեսանկյունից գերիշխող է ուժի դերը, և սրանով իրեն իրավունք է վերապահում, ըստ անհրաժեշտության, ռազմական գործողություններ ծավալել:
Ադրբեջանական հնարավոր ագրեսիան, որը կարող է դրսևորվել մարտական գործողությունների տեսքով, միջազգային որևէ դերակատարի կողմից չի կանխվում:
Այս պահին ոչ միայն լռություն է Արցախի դեմ իրականացվող տոտալ շրջափակման առումով, այլ նրանով, որ Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով սպառնում է ուժ կիրառել, սակայն մեր տարածաշրջանում ներկայացված որևէ դերակատարի կողմից լուրջ հակազդեցություն չկա:
Այս համատեքստում ՀՀ իշխանության հնարավոր արձագանքին չեմ անդրադառնում, որովհետև Արցախի հարցը սրանց վաղուց չի հետաքրքրում, իսկ ՀՀ-ի մասով, երբ ամեն անգամ իշխանությունը խոսում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մասին, որպես կանոն, դրանից հետո Հայաստանի և´ տարածքային ամբողջականությունն է խախտվում, և´ ինքնիշխանությունը»,- գրել է նա: