Ժաննա Անդրեասյանն այցելել է Սյունիքի մարզ. նա տեղում արձանագրել է մի քանի խնդիրներ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից տեղեկանում է, որ նա շրջել է մի շարք կրթական, մշակութային եւ սպորտային հաստատություններում, ծանոթացել կատարվող աշխատանքներին եւ առկա խնդիրներին։
Նախարարի առաջին կանգառը Մեղրիի պետական քոլեջն էր: Ժաննա Անդրեասյանը շրջել է քոլեջի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, խնդիրներին։ Նախարարը հետաքրքրվել է ընդունելության գործընթացով, ինչպես նաեւ նոր ուսումնական տարվան ընդառաջ քոլեջի տնօրենի եւ կրթության ոլորտի պատասխանատուների հետ քննարկել է ուսումնական պլանները, ներկայացրել ոլորտում իրականացվող բարեփոխումները:
ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառը Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղն էր: Նա շրջել է կենտրոնում, ծանոթացել ընդհանուր ցուցադրությանը՝ հատկապես հետաքրքրվելով սաների ձեռագործ աշխատանքներով։ Նախարարը տեղում արձանագրել է մի քանի խնդիրներ, որոնց կարգավորման ուղղությամբ կտրվեն լուծումներ։
Մեղրիում Ժաննա Անդրեասյանն այցելել է նաեւ Սուրբ Հովհաննես եկեղեցի, որտեղ արդեն ավարտվել են վերականգնման աշխատանքները:
Սյունիք կատարած մարզային այցի շրջանակում նախարարն եղել է նաեւ Քաջարանի արհեստագործական պետական ուսումնարանում եւ Քաջարանի մանկապատանեկան մարզադպրոցում, ծանոթացել շենքային, մարզումային պայմաններին եւ առկա մի շարք խնդիրներին։
Դպրոցի տնօրենն ու մարզիչները հպարտությամբ ներկայացել են իրենց սաների մարզական հաջողություները: Քննարկվել է մարզադպրոցի շենքային պայմանների եւ գույքային հագեցվածության բարելավմանն ուղղված մի շարք հարցեր:
Նշենք, որ նախարար Ժաննա Անդրեասյանի մարզային այցերը շարունակական են լինելու։