Մայիսից ընտանիքը տեղափոխվել է, հետեւաբար՝ չէինք կարող տեղեկության տիրապետել․ Գեղարքունիքի մարզպետարան
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը պարզաբանում է տարածել իր դստերը տեսախցիկի առջեւ հոգեկան եւ ֆիզիկական բռնության ենթարկած Աննա Արեւշատյանի ընտանիքի վերաբերյալ։
«2022 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի /նախկին մարզպետարանի/ ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն իր իրավասությունների, Գավառի համայնքապետարանի, ՄՍԾ Գավառի տարածքային կենտրոնի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժանմունքի, մարզի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցված զբաղվել է Գավառ քաղաքում վարձակալությամբ բնակվող Աննա Արեւշատյանի ընտանիքի խնդիրներով։
Կատարված աշխատանքների վերաբերյալ առկա են նաեւ համապատասխան փաստաթղթեր։
Այդ ժամանակահատվածում ընտանիքի խնդիրները մշտապես գտնվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի /մարզպետարանի/ ուշադրության կենտրոնում։ Տրամադրվել է դրամական եւ սոցիալ-հոգեբանական աջակցություն, պարբերաբար կազմակերպվել են տնային այցեր։
2023 թվականի մայիս ամսից ընտանիքը տեղափոխվել է։
Հետեւաբար Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները չէին կարող Աննա Արեւշատյանի ընտանիքի վերաբերյալ որեւէ տեղեկատվության տիրապետել»,- ասվում է հաղորդագրությունում։