Միջազգային դերակատարները չպետք է թույլ տան, որ ԼՂ-ում ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը վերածվի աղետի. Արարատ Միրզոյանը՝ Ռոզմարի ԴիԿարլոյին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 18-ին Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։
Ինչպես տեղեկանում Ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից,
Արարատ Միրզոյանը ներկայացրել է մասնավորապես Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ միջազգային համակարգի պատասխանատու դերակատարները չպետք է թույլ տան դրա վերածումն իրական մարդասիրական աղետի։ Նախարարը հատկապես շեշտել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ որպես խաղաղության և անվտանգության պահպանման հարցում մանդատ ունեցող կառույցի առանձնահատուկ դերակատարումն ու կանխարգելման գործառույթը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի՝ 120 հազար բնակչության խոցելի խմբերի համար ստեղծված ծանր պայմաններին՝Արարատ Միրզոյանը շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների իրականացման և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրատապությունը։
Տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից՝ այդ ուղղությամբ գործադրվող միջազգային ջանքերը և խաղաղության հասնելու հնարավորությունը չեզոքացնելուն ուղղված գործողություններից և սադրանքներից զերծ մնալու անհրաժեշտությունը։