Կոռնիձորի սահմանային հատվածում ՄԱԿ ԱԽ նիստից հետո էլ իրավիճակը չի փոխվել
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստից հետո էլ առայժմ Կոռնիձորի սահմանային հատվածում իրավիճակի փոփոխություն չկա: 23-րդ օրն է՝ Լեռնային Ղարաբաղ մուտքին է սպասում մարդասիրական օգնությամբ 22 բեռնատար: Այս մասին «Լուրեր»-ին ասել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
Արդեն երրորդ տասնօրյակն է սկսվել, ինչ մոտ 400 տոննա հումանիտար օգնությունը բարկ արևի տակ սպասում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասնելու հնարավորությանը՝ այստեղ՝ Հակարի կամրջի հարևանությամբ, Կոռնիձոր գյուղի սահմանային հատվածում։
Բեռներն առայժմ հնարավոր է եղել զերծ պահել փչանալուց. այն ապրանքատեսակները, որոնց պահպանման համար ջերմային հատուկ ռեժիմ է անհրաժեշտ, գտնվում են ավտոմատ հովացման համակարգ ունեցող բեռնատարներում։
Իսկ այն, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է, արձանագրվեց նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օգոստոսի 16֊ի նիստում։