Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ է խորանում. Միրզոյանը՝ Ռումինիայի ԱԳ նախարարին
Օգոստոսի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Թեոդորա Օդոբեսկուի հետ։
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ է խորանում, և մանրամասնել է ԼՂ 120 հազար բնակչության և հատկապես խոցելի խմբերի համար առաջացած լրջագույն խնդիրները:
Նախարար Միրզոյանը նշել է, որ 2022 թ. դեկտեմբերից ի վեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու նիստերի քննարկումները, ինչպես նաև մինչ օրս տարբեր կառավարությունների և միջազգային կառույցների կողմից ուղերձները ցույց են տալիս, որ ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վերաբերյալ քաղաքակիրթ աշխարհն ունի համընդհանուր ընկալում: Այդուհանդերձ, ԼՂ-ում իրավիճակի հաղթահարումը պահանջում է միջազգային հանրության կողմից հստակ քայլերի ձեռնարկում՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշումների իրականացման և Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ և անխափան տեղաշարժի վերականգնման նպատակով։
Վերահաստատելով հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության հաստատման գործում դիրքորոշումը՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումով Ադրբեջանը սպառնում է այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին: