Ադրբեջանն անընդհատ ու շարունակաբար պնդում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ։ վարչապետն ամփոփեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքները
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնացրեց հետևյալ արդյունքները․
«Առաջին՝ միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը։ Իհարկե, Հայաստանի հանրությանը կարող է տարօրինակ թվալ, որ սա արձանագրում եմ որպես ՄԱԿ անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն անընդհատ ու շարունակաբար պնդում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ։
Երկրորդ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումը հաստատեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը և այն, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ։
Երրորդ՝ ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ, Ադրբեջանի կողմից չի կատարվել։
Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է։ Նաև միջազգային հանրության կողմից հավաքական կոչ է հնչել Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ միջազգային հանրության այս կոչը այս պահի դրությամբ իրագործված չէ և 22 բեռնատար՝ շուրջ 400 տոննա հումանիտար բեռով, Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասում է Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությանը։