Ասիական զարգացման բանկը տեխնիկական աջակցություն կտրամադրի ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությանը
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն օգոստոսի 16-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, տնօրենը, ողջունելով հյուրերին, Փրկարար ծառայության անունից հայտնել է համագործակցության շարունակականության պատրաստակամություն: Հյուրերն իրենց հերթին ներկայացրել են տեխնիկական աջակցության ծրագրի սկզբնական և հերթական փուլերը: Առաջարկվող ծրագիրը, որին կմասնակցեն նաև տարածաշրջանի այլ երկրներ, կօգնի զարգացնել երկրի կարողությունները կլիմայի փոփոխության դեպքում, բարձրացնել մարտահրավերներին դիմադրողականությունը և հարմարվողականությունը:
«Ծրագիրը բաղկացած է մի քանի հիմնական բաղադրիչներից. առաջինը տվյալ երկրի համար կլիմայական փոփոխությունների հետ կապված գործողությունների պլանի մշակումն է, երկրորդը՝ համապատասխան կարիքների գնահատումը, երրորդը՝ կարողությունների ձևավորումը:
Ծրագրի ընդհանրական նպատակն է իրականացնել գնահատում և ներկայացնել առաջարկություններ կլիմայի փոփոխության դեպքում բնակչության պաշտպանության և աղետներին պատրաստվածության վերաբերյալ: Կ. Ցուցուլյանը հյուրերին ներկայացրել է կլիմայի փոփոխություններով պայմանավորված մեր երկրին բնորոշ սողանքների, վարարումների, քարաթափումների և այլ տարերային աղետների սպառնալիքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ որպես կլիմայական փոփոխության մեկ այլ խնդիր, տնօրենն ընդգծել է, որ այժմ էլ, հանրապետությունում առկա բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված, Փրկարար ծառայությունն իրականացնում է կանխարգելման և իրազեկման լայնածավալ աշխատանքներ:
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ հյուրերն իրենց պատրաստակամությունն են հայտնել վերապատրաստումների տեսքով աջակցելու ՓԾ անձնակազմին 2024թ. անցկացվելիք լայնամասշտաբ վարժանքին, որին մասնակցելու են ՆԳՆ ենթակայության տակ գտնվող բոլոր ուժերը, ներգրավվելու են ՀՀ բոլոր գերատեսչությունները, հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև հրավիրվելու են միջազգային կազմակերպություններ:
Նշվում է, որ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ընդգծելով, որ համագործակցությունը հեռանկարային է, և իրականացվող ծրագրերը խթանեն կլիմայական փոփոխությունների հետևանքով հնարավոր աղետների ռիսկի գնահատումն ու ճիշտ կառավարումը: