Հաջիևը լավ կանի՝ դադարեցնի ստի այս արշավը, չեք կարող շեղել միջազգային հանրության ուշադրությունը. Մարուքյան
Մինչ օրս հայկական կողմերը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը վստահության ամրապնդման համատեքստում, այդ թվում՝ ցամաքային ականների բոլոր քարտեզների փոխանցումն Ադրբեջանին, սակայն ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում է կեղծ մեղադրանքներ հնչեցնել ականների շարունակական տեղադրման վերաբերյալ և, հակառակ պայմանավորվածությունների՝ նույնիսկ ազատ չի արձակել ռազմագերիներին և իր բանտերում պահվող այլ անձանց՝ որպես վստահության ամրապնդման միջոց։
Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի մեղադրանքներին։
«Ադրբեջանը պարբերաբար հարձակվում և օկուպացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներ, խախտում է նոյեմբերի 9-ի հիմնարար պարտավորությունները և լիակատար շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
Հիքմեթ Հաջիևը լավ կանի՝ դադարեցնի ստի այս արշավը, քանի որ այն որևէ կերպ չի կարող շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության թեմայից»,- գրել է Մարուքյանը։