ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Լանջիկի ողբերգական ավտովթարի կապակցությամբ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական ուղերձ է հղել օգոստոսի 14-ին ՀՀ Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտ տեղի ունեցած և 11 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարի կապակցությամբ՝ ակնկալելով իրավապահ մարմինների կողմից համակողմանի հետաքննության իրականացում:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ուղերձում նշված է. « Խոր ցավով տեղեկացա Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որն անմեղ մարդկային կորուստների և վիրավորների պատճառ դարձավ:
Այս ծանր պահին իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
Ակնկալում եմ իրավապահ մարմինների կողմից համակողմանի հետաքննության իրականացում՝ այս ողբերգական ավտովթարի մանրամասների բացահայտման ուղղությամբ»:
Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ժամը 00:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով մահացել է 11 քաղաքացի: Կա հինգ՝ ծանր, մեկ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տուժած: