Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավարին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավարին։ Այս մասին տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակից։
Հանդիպման սկզբում Տիգրան Խաչատրյանը, բարձր գնահատելով Եվրոպական Միության հետ վաղեմի եւ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում Եվրամիության հետ համագործակցությունն առավել զարգացնելու, ինչպես նաեւ՝ ընդլայնելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար:
Անդրեա Վիկտորինն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի եւ իր պաշտոնավարման ընթացքում ձեւավորված արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ երկկողմ ակտիվ համագործակցությունը դեռեւս կշարունակի ամրապնդվել ու զարգանալ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները հատուկ անդրադարձ են կատարել ոռոգման ենթակառուցվածքների զարգացման եւ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման անհրաժեշտությանը, «կանաչ» տնտեսական օրակարգի առաջմղմանը, ինչպես նաեւ՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ կարեւոր ուղղություններին: