ՀՀ ՄԻՊ-ը հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց հետ կատարել է «Արի, իմ սոխակ» երգը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 12-ին ներկա է եղել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» միջազգային 3-րդ փառատոնին։
Հայտնում են Պաշտպանի գրասենյակից։ «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» կարգախոսով միջոցառումը, որի հիմնադիրներն են երաժիշտ քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները, անցկացվել է Գյումրու Վարդանանց հրապարակում: Այս տարի առաջին անգամ փառատոնին մասնակցել են հատուկ կարիքներ ունեցող անձանց խմբեր և անհատ կատարողներ Ղազախստանից և Հայաստանի բոլոր մասնագիտացված մանկատներից, խնամքի կենտրոններից, հատուկ կրթահամալիրներից:
Անահիտ Մանասյանն անակնկալ է մատուցել փառատոնի հյուրերին և մասնակիցներին՝ բեմում հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց հետ կատարելով «Արի, իմ սոխակ» երգը: Այս տարի փառատոնի բոլոր մասնակիցները Ճախրուկի խորհրդանշական «Հոգու թռիչք» կտավ ստեղծելու փոխարեն նկարել են աչքի քանդակի վրա, տեղի է ունեցել նաև երաժշտախմբի երեխաների կողմից պատրաստված «աման-չաման» կավե սպասքի ցուցահանդեսը: «Այն ամենը, ինչ չի փոխանցվում, կորսվում է։
Դա վերաբերում է նաև մեր զգացմունքներին և զգացողություններին, առաջին հերթին` հենց սերը փոխանցելուն։ Պետք է կարողանանք սիրել ու մեր հոգում առկա սերը միմյանց փոխանցել։ Ավելին, կարևոր է, որպեսզի միմյանց սիրենք` յուրաքանչյուրիս առանձնահատկությունները նկատի ունենալով։
Այդ առանձնահատկություններն են, որ մեզանից յուրաքանչյուրին մեր անհատականության մեջ կատարյալ են դարձնում։ Ուզում եմ արձանագրել, որ «Ճախրուկ»-ը սիրո մասին է, մեր առանձնահատկությունների ու դրանցով պայմանավորված` մեր կատարելության մասին է, ու որ ամենակարևորը` մեր զգացողությունները չկորցնելու ու դրանք փոխանցելու ունակության մասին է։ Ես այդ ամենը հենց «Ճախրուկներ»-ի հետ իմ անցած ճանապարհին եմ նաև սովորել։ Սիրե՜նք միմյանց, պարզապես շատ սիրե՜նք։ Իսկ ամենակարևոր բանը կյանքում հոգու թռիչք ունենալն է»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Պաշտպանը կարևորել է պետության աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի խթանման գործում։ Նա նաև վստահեցրել է, որ իր հնարավորության սահմաններում միշտ կանգնած կլինի «Ճախրուկների» մեծ ընտանիքի կողքին: