Գյումրին հյուրընկալեց հաշմանդամություն ունեցող անձանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոնը
Գյումրու Վարդանանց հրապարակում օգոստոսի 12-ին տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոնը։ Ինչպես տեղեկացնում է -ը, «Ճախրուկ» էթնո երաժշտախմբից բացի, միջոցառմանը կատարումներով հանդես եկան նաև «Գյումրու երեխաների տուն», «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն», «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն», «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ների և այլ հատուկ կրթահամալիրների սաներ, ինչպես նաև արտերկրից ժամանած երաժշտական խմբեր։ Միջոցառման հատուկ հյուրն էր Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը։
«Ֆիզիկական հնրավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» խորագրով փառատոնին այս տարի միացել է նաև Akneye նախաձեռնությունը, որը միջոցառման մասնակիցներին հնարավորություն տվեց նկարել Akneye-ի խորհրդանշական աչքի վրա։ Պատկերն ամբողջական նկարելուց հետո, կստեղծվեն դրանց NFT տարբերակները և բարեգործական նպատակով կներկայացվեն վաճառք։
«Ճախրուկ»-ն 1-ն ընդունել է Վանաձորը, 2-րդն անցկացվել է Սաղմոսավանքի բակում, իսկ երրորդն՝ արդեն Գյումրու Վարդանանց հրապարակում։
Փառատոնի հիմնադիրներն են երաժիշտ քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները, ովքեր շուրջ 4 տարի, որպես կամավորներ, աշխատում են Խարբերդի մասնագիտացված մանկատանը։ Այնտեղ հիմնել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնը, որտեղ մանկատան երեխաներին սովորեցնում են ազգային, հոգևոր երգ-երաժշտություն, ազգային փողային և հարվածային նվագարաններ։
Փառատոնին հյուրերն էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Ողջունելով փառատոնի մասնակիցներին՝ ՀՀ արդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ կարևորեց ներառականության գաղափարը։ «Բնականաբար, կարևոր է, որ մեր հասարակությունը համերաշխ հասարակություն լինի, իսկ դրա համար չափազանց կարևոր դերակատարություն ունի հավասար հնարավորությունների առկայությունը, և այդ տեսակեցից չափազանց կարևորում եմ բոլոր սոցիալական խմբերի համար հավասար հնարավորությունների առկայությունը։ Բնական է՝ մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ՝ հնարավոր հավասարությունը երաշխավորելու տեսանկյունից։ Շատ դեպքերում դրան կազմակերպչական բնույթի են, օրինակ՝ մատչելիության հետ կապված։ Դրանք բազմաթիվ են և լուծում պետք է ստանան, հակառակ պարագայում մենք հավասարության ու ներառականության մասին չենք կարող խոսել»,- նշեց մասնակիցներին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Մենք շատ կարևորում ենք այս միջոցառումը, երբ մեր ճախրուկցիներն իրենց օրինակով հնարավորություն են տալիս մեր մյուս հաստատությունների երեխաներին ինքնադրսեւորվել՝ գտնել այնպիսի մի միջավայր, որտեղ կարող են ցույց տալ, որ հաշմանդամությունը խոչընդոտ չէ, և նրանք լիիրավ անդամ են հասարակության ու կարող են նաև ոգեշնչել մեզ բոլորիս»,-նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Սա պարզապես փառատոն չէ՝ շատ կարևոր ասելիք ունի։ Այս երեխաները գանձ և հարստություն են, և մենք պետք է յուրաքանչյուր ընտանիքի հասցնենք այն մտածողությանը, որ երբեք այս հարստությունից չպետք է հրաժարվես։ Պատահական չէ, որ մենք շեշտադրումն արել ենք բոլոր մասնագիտացված մանկատների վրա և, երբ գնալով մեր ճախրուկցիները պակասեն, դրանով մենք մեր կարևոր երազանքին հասած կլինենք»,- նշեց փառատոնի համահիմնադիր Անահիտ Մխիթարյանը։
Փառատոնի գլխավոր գործընկերն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, կազմակերպիչը՝ «Ճախրուկ» մշակութային հասարակական կազմակերպությունը։