«Բոլոր կառույցները պարտավոր են աշխատել ու հետ բերել հայրիկիս». Վագիֆ Խաչատրյանի դուստր․ 168․am
Հուլիսի 29-ին ադրբեջանական կողմը Հակարիի կամրջի մոտ տեղադրված ապօրինի անցակետից առևանգել է Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ով Կարմիր խաչի ուղեկցությամբ գալիս էր Երևան՝ սրտի անհետաձգելի վիրահատության ենթարկվելու համար։
Ադրբեջանի ոստիկանությունը Վագիֆ Խաչատրյանին առևանգելուց հետո նրան տարել է անհայտ ուղղությամբ՝ արգելելով, որպեսզի Կարմիր խաչի որևէ ներկայացուցիչ կամ նրա դուստրը, ով նույնպես ուղեկցում էր հորը, գնան նրա հետ: Կարմիր խաչի ներկայացուցչի նկատմամբ, ով փորձել էր խոչընդոտել Խաչատրյանին ապօրինաբար տեղափոխել՝ ադրբեջանցիները սպառնացել են ուժ գործադրել։
Վագիֆ Խաչատրյանին առևանգելուց հետո Ադրբեջանը սկսել է անհեթեթ մեղադրանքներ առաջադրել նրան, թե իբր վերջինս զինվորական է եղել, 90-ականներին ադրբեջանցիների դեմ «հանցագործություններ» է իրականացրել, դրան զուգահեռ՝ տարածել են նաև մի մարդու լուսանկար, որը բնավ Վագիֆ Խաչատրյանը չէ։
168.am-ի հետ զրույցում Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, ասել է, որ համացանցում ադրբեջանական կողմից տարածվող լուսանկարը կեղծ է, դրանում իր հայրը չէ։
«Իսկ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակված լուսանկարում հայրս է Ադրբեջանում՝ առևանգումից հետո։
ՄԻԵԴ-ի կողմից ներկայացված փաստաթղթերում նշված է, որ իբր թե հայրիկիս առողջական վիճակն այս պահին բավարար է, կայուն, ու դեղեր է ընդունում, սակայն ես վստահաբար կարող եմ հաստատել, որ որևէ դեղ չկա, որը կկարողանա հայրիկիս ունեցած հիվանդության դեմ որևէ ազդեցություն ունենալ։ Նրա հիվանդությունը դեղամիջոցներով բուժելն ուղղակի անհնարին է, հնարավոր է բուժել միայն վիրահատական միջամտությամբ»,- նշել է Վերա Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ գրեթե ամենօրյա ռեժիմով կապի մեջ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, հույս ունեն, որ երկուշաբթի օրը Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն կստանան։
«Այս պահին գրեթե բոլոր կառույցներն աշխատում են, բոլորին դիմել ենք, չեմ կարող ասել, թե ինչ եղանակով կլինի հայրիկիս վերադարձը, բայց այն, որ պետք է լինի, ու պարտավոր են նրան հայրենիք վերադարձնել, քանզի հայրս որևէ կապ չունի իրեն վերագրվող հանցանքների հետ և առհասարակ աշխարհում չի կարող գոյություն ունենալ որևէ ապացույց, որը կարող է փաստել, որ հայրս որևէ հանցանք է արել, այդ պատճառով էլ բոլոր կառույցները պարտավոր են աշխատել ու հետ բերել հայրիկիս, ակնկալում եմ, որ կհասնենք արդյունքի»,- հավելել է Վերա Խաչտարյանը։
Նրա խոսքով՝ իր հոր հետ տեղի ունեցած դեպքով Ադրբեջանը ցանկանում է վախեցնել արցախահայությանը։
«Սա Ադրբեջանի կողմից էթնիկ զտման խաղերից է, միևնույն ժամանակ՝ արցախահայության վրա ճնշումներ գործադրելը, որովհետև այլ բան լինել չի կարող։ Հայրս իրեն վերագրվողի հետ որևէ կապ չունի։ Այս ամբողջ ընթացքում հայրիկիս հետ հեռախոսակապ երբևէ չի եղել, միայն նամակագրություն, որով որևէ հատուկ տեղեկատվություն չի փոխանցել, միայն գրել է, որ մեր մասին է մտածում, միայն ողջություն լինի, պարտավոր է իրեն ուժեղ պահել ու վերադառնալ, իսկ մենք հավատում ենք, որ նա վերադառնալու է»,- եզրափակել է Վերա Խաչատրյանը։