Կոստանյանը Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղարին ներկայացրել է Վագիֆ Խաչատրյանի առեւանգման դեպքը
Օգոստոսի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուել Ժբոգարի հետ: Այս մասին տեղեկանում է Արտաքին գործերի նախարարությունից։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված կյանքի հետ անհամատեղելի իրավիճակի մանրամասները՝ 30 հազար երեխա, 20 հազար տարեց, 9 հազար հաշմանդամություն ունեցող անձ զրկված է անհրաժեշտ բժշկական օգնությունից, իսկ ԼՂ 120 հազար բնակչությունը փաստացի կանգնած է սովի ու հումանիտար աղետի շեմին:
Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Վահան Կոստանյանն իր խիստ մտահոգությունն է հայտնել, որ ՄԱԿ-ի արդարադատության դատարանի փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի որոշումների չկատարմամբ եւ Լաչինի միջանցքի շարունակվող ապօրինի արգելափակմամբ Ադրբեջանը ուղղակիորեն խաթարում է Հարավային Կովկասում կայունության հաստատման բոլոր շահագրգիռ գործընկերների ջանքերը: Նախարարի տեղակալը հիշատակել է նաեւ հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առեւանգման դեպքը՝ ընդգծելով Ադրբեջանի օրինախախտ պահվածքի բացարձակ անընդունելիությունը:
Վահան Կոստանյանն իր ցավակցությունն է հայտնել Սամուել Ժբոգարին՝ Սլովենիայում ջրհեղեղի արդյունքում մարդկային զոհերի կապակցությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-սլովենական համագործակցության խորացման հեռանկարներին: