Երևանի ավագանու ընտրություններին առաջադրվել է չորս կուսակցություն
Երևանի ավագանու ընտրություններին առաջադրման համար օգոստոսի 11-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր է ներկայացրել 2 կուսակցություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, առավոտյան ԿԸՀ են այցելել «Քաղաքացիական պայմանագիր», կեսօրին՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչները:
«Այսպիսով, մինչ այս պահն առաջադրված կուսակցությունների թիվը չորսն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթեր էին ներկայացրել Հայաստանի եվրոպական կուսակցությունը և «ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը։
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին, առաջադրումների վերջնաժամկետը օգոստոսի 13-ն է։ Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից։