Հովհաննես Ազոյանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին․ կուսակցության ցուցակը կգլխավորի Տիգրան Խզմալյանը
Արդեն 3 կուսակցություն Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Երևանի ավագանու ընտրություններում առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Հայաստանի Եվրոպական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Տիգրան Խզմալյանը։ Առաջին տասնյակում ընդգրկված են
2. Արամ Գևորգյան
3. Գեղեցիկ Նազարյան
4. Հովհաննես Ազոյան
5. Լևոն Հունանյան
6. Անահիտ Մկրտչյան
7. Արսեն Զաքարյան
8. Ռուբեն Շուխյան
9. Մարիամ Մինասյան
10. Զոհրաբ Մենեդյան։
Aysor.am-ին հայտնի է դարձել, որ ցուցակի 4-րդ համարի դեպքում խոսքը դերասան Հովհաննես Ազոյանի մասին է: Կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ Հովհաննես Ազոյանը ցանկություն է հայտնել իրենց կուսակցությունով մասնակցել ընտրություններին. «Ցուցակի 30 տոկոսը կարող են լինել անկուսակցականներ, և նա նրանցից մեկն է: Մենք ծանոթ էինք իրար, և այդպես պայմանավորվեցինք»։
Հարցին, թե իրենց չի՞ կաշկանդում, որ նա նախկինում ՔՊ-ի աջակից է եղել՝ Խզմալյանը պատասխանել է. «Նախկինում ինչ եղել է, դա արդեն պետք է թողնել անցյալում, կարևորը, թե ինչ է լինելու ապագայում»։
Երևանի ավագանու հերթական ընտրության քվեարկությունը կանցկացվի 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։