Գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող ԵՄ դեսպանին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Դատախազության տարածած հաղորդագրությունից, գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դեսպանին Եվրոպական միության ցուցաբերած աջակցության համար՝ ուղղված Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կազմակերպած «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողովի անցկացմանը:
Այս համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ մոտ ապագայում նախատեսվում է նման ձևաչափով հաջորդ խորհրդաժողովի անցկացումը: Հանրապետության գլխավոր դատախազը հույս է հայտնել, որ ԵՄ անդամ պետությունների գործընկերները կմասնակցեն նաև այս նախաձեռնությանը:
ՀՀ գլխավոր դատախազը դեսպանի հետ զրույցում անդրադարձել է նաև «Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի մշակման և վերջնական համաձայնեցման ուղղությամբ ընթացող բանակցություններին: Աննա Վարդապետյանը հույս է հայտնել, որ Եվրաջասթի հետ լիարժեք համագործակցելու հնարավորությունը կնպաստի անդրազգային բնույթի հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացմանը:
Հանրապետության գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իր առաքելությունն ավարտող Անդրեա Վիկտորինին Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցում բացառիկ ներդրման, ակտիվ գործունեության ու սրտացավ մոտեցման համար և հույս հայտնել, որ դեսպանի աշխատանքային հարուստ փորձը նշանակալի ազդեցություն կունենա ԵՄ գրասենյակի հայաստանյան թիմի hետագա աշխատանքում: