Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին: Այս մասին հայտարարել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը:
«Կուսակցության անդամների, տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ բաց և բարդ քննարկումների արդյունքում ի վերջո որոշվել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին։
Չեմ թաքցնում, եղել են տարբեր տեսակետներ, հնչել են տարբեր փաստարկներ և հակափաստարկներ։
Վերջնական որոշումը կայացվել է հիմնական երկու գործոնների ազդեցության տակ.
Կուսակցությունն այս պահին գտնվում է վերափոխումների ինտենսիվ փուլում, կառուցվածքային և բովանդակային ռեֆորմացիայի ճանապարհին։
Այս պահին, Արցախի շուրջ տիրող իրավիճակով պայմանավորված, մեր հասարակության մեջ առկա չէ Երևանի զարգացման և քաղաքային խնդիրների շուրջ իրական բանավիճային և քննարկումային մթնոլորտ։
ԲՀԿ-ն հաջողություն է մաղթում ընտրությունների մասնակից ուժերին՝ ի շահ մեր ժողովրդի և երևանցիների բարօրության»,- նշվում է հայտարարության մեջ: