Սարսափելի և անմարդկային եմ համարում Արցախում տիրող իրավիճակը. Նուբար Աֆեյան
Հայտնի ձեռներեց, կենսատեխնոլոգ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն անդրադարձել է Արցախում օրեցօր վատթարացող մարդասիրական ճգնաժամին:
«Որպես մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ՝ ես սարսափելի և անմարդկային եմ համարում Արցախում տիրող իրավիճակը», - X սոցկայքի միկրոբլոգում գրել է Աֆեյանը՝ հիշեցնելով Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ երեկ հրապարակված զեկույցը, ըստ որի՝ Ադրբեջանը ցեղասպանություն է իրագործում արցախցիների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2022-ի դեկտեմբերի 12-ից փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ապրիլի 23-ին Ադրբեջանն ապօրինաբար անցակետ է տեղադրել միջանցքում` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախում օրեցօր վատթարանում է մարդասիրական ճգնաժամը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախն աղետի գոտի է հայտարարել: