Երևանում կտեղադրվի «Բանվորի արձան» քանդակի ինստալյացիան
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի «Աշխատանքի» հրապարակում քաղաքացիների սեփականությունը հանդիսացող տարածքները, ՀՀ կառավարության որոշմամբ, ճանաչվելու են հանրային գերակա շահ։
Գործադիրը հիմնավորում է, որ հանրային գերակա շահ ճանաչելը հնարավորություն կստեղծվի Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» («Բանվորի արձան») քանդակի ինստալյացիայի տեղադրման և դրա պատմական միջավայրի վերականգնման անխոչընդոտ իրականացման համար։
ԿԳՄՍՆ-ի հիմնավորմամբ էլ՝ տարածքի բարեկարգումից հետո պետք է վերականգնվի որպես արվեստի օբյեկտ՝ ինստալյացիա՝ ժամանակակից մոտեցմամբ, որը կխորհրդանշի վանդալիզմի դեմ պայքարը:
«Ինստալյացիան ցույց կտա պատմության մի մասը, և ժամանակակից տեխնոլոգիաները պատկերացում կտան՝ ինչպիսին էր արձանն այն ժամանակ և ինչքանով է պահպանվել:
Արդյունքում Երևան քաղաքը կունենա մշակութային ժառանգության պահպանություն, արդյունավետ կառավարում և նոր բարեկարգված տարածք»,- նշված է կառավարության որոշման նախագծում։