Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:
Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ Վահե Հովհաննիսյանը, բարձր գնահատելով Եվրոպական միության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին՝ դիվանագիտական առաքելության ընթացքում ԵՄ-ի հետ փոխգործակցությունն առավել զարգացնելու, ընթացիկ բարեփոխումներին, այդ թվում՝ պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության գնահատման գործընթացին աջակցելու ուղղությամբ անձնական մեծ ներդրումի համար։
Եվրամիության պատվիրակության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, արձանագրել է Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության փաստը և վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է իր լավագույն ջանքերը հարաբերությունների խորացման և զարգացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, դիտարկել տարբեր ոլորտներում կարողությունների զարգացման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները և նախանշել համագործակցության հնարավոր նոր ուղղությունները։