Կարմիր խաչը Արցախից եւս 10 բուժառուի է տեղափոխել Հայաստան
Այսօր՝ օգոստոսի 9-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հաղորդում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
Նշված 10 բուժառուները ստանում են ծրագրային հեմոդիալիզ, սակայն դեղորայքի եւ բժշկական պարագաների սակավության պատճառով չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն եւ կանգնել են մահվան վտանգի առջեւ։
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
«Արեւիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 երեխա 7-ը գտնվում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 85 հիվանդ, 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում։