Կւսակցության նախընտրական ցուցակը ավարտական փուլում է. Դավիթ Խաժակյան
Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վերադարձը պետք է գնահատի երեւանցին՝ սեպտեմբերի 17-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանը, որը նույնպես մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին:
«Ընտրապայքարում բոլոր թեկնածուներին դիտարկում են որպես մեր մրցակից, բոլորն էլ հավակնում են ստանալ Երեւանի բնակիչների ձայները եւ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իմ բոլոր մրցակիցներին վերաբերվում եմ հարգանքով»,- ասաց Խաժակյանը:
Նա նշեց, որ իրենց կուսակցության նախընտրական ցուցակը ավարտական փուլում է. «Ամսի 10-ին կազմակերպել ենք դրամահավաք-միջոցառում, որի ժամանակ կհայտարարենք ցուցակի եռյակը»:
Հարցին՝ ինչպե՞ս են գնահատում իրենց շանսերը, Խաժակյանը պատասխանեց. «Մեր շանսերը պետք է գնահատեն Երեւանի ընտրողները սեպտեմբերի 17-ին: Քաղաքականությունը եւ փորձը ցույց են տալիս, որ ովքեր անդադար կրկնում են, որ իրենց շանսերը շատ բարձր են, խնդիրներ են ունենում, որովհետեւ դրա որոշողը երեւանցին է»:
Հիշեցնենք, որ առաջադրումների վերջնաժամկետը օգոստոսի 13-ն է, իսկ գրանցումը կիրականացվի մինչեւ օգոստոսի 18-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի օգոստոսի 23-ից, կավարտվի սեպտեմբերի 15-ին։ Հուլիսի 14-ի դրությամբ Երեւանի ընտրողների թիվը 823 559 է՝ մինչդեռ 2018 թվականին եղել 848 343։
Մինչ օրս Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիր» (Տիգրան Ավինյան), «Ապրելու երկիր» (Մանե Թանդիլյան), «Լուսավոր Հայաստան» (Դավիթ Խաժակյան), «Ազգային առաջընթաց» (Հայկ Մարության), «Հանրապետություն» (Արտակ Զեյնալյան), «Ուժը Հայրենյաց» (Նելլի Հարությունյան), «Հաղթանակ» (Վիկտոր Մնացականյան) կուսակցությունները։