Շնորհավորում ենք Դավիթ Իշխանյանին այս բարդ իրավիճակում ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ․ «Պատիվ ունեմ»
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի ընտրության վերաբերյալ:
«Օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ է ընտրվել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ՀՅԴ բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը արձանագրում է.
Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետի հաղթահարումից է կախված ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության անվտանգությունը
Արցախի Ազգային Ժողովը, լինելով առաջնային մանդատով օժտված պետական մարմին, մեծ դերակատարում ունի Արցախի առջև ծառացած ոչ միայն ներպետական, այլև միջազգային մարտահրավերների հաղթահարման հարցում
Հայաստանի Հանրապետության այսօրվա կառավարիչների կրավորական կեցվածքը Արցախի ճակատագրի հարցում հանդիսանում է պետական լծակներին տիրապետող, սակայն մարգինալացված մի խմբակի կարծիք և չի արտացոլում ՀՀ քաղաքացիների մոտեցումները
Արցախի Հանրապետության ներքաղաքական դաշտում որոշ գործիչների արկածախնդիր, իսկ առանձին դեպքերում՝ ադրբեջանական շահերից բխող հայտարարությունները, ինչպես նաև ստեղծված իրավիճակը իշխանության հասնելու համար օգտագործումը կարող է կասկածի տակ դնել Արցախի Հանրապետության գոյությունը։
Ելնելով վերոշարադրվածից՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը.
Շնորհավորում է Դավիթ Իշխանյանին այս բարդ իրավիճակում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Ողջունում է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի, որպես ընտրված ներկայացուցչական մարմին, դերակատարման բարձրացմանն ուղղված քայլերը։ Ստեղծված իրավիճակում ազգային կարող և առողջ ուժերի համախմբումը այլընտրանք չունի
Հաստատակամ է իր տիրապետության տակ գտնվող ողջ գործիքակազմով շարունակել ծառայել Արցախի Հանրապետության շահերի պաշտպանությանը՝ չզատելով ու նույնականացնելով դրանք Հայաստանի Հանրապետության շահերին
Վստահ է, որ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նորընտիր նախագահը հետևողական աշխատանք է տանելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ և պատրաստ է շարունակել կուսակցական ու խորհրդարանական դիվանագիտության խողովակներով նպաստել այդ գործընթացին»,- ասվում է հայտարարությունում: