Ինձ բացարձակապես չի կաշկանդում, որ Մարությանն ու Ավինյանը մասնակցում են ավագանու ընտրություններին. Վիկտոր Մնացականյան․ News.am
Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանին, որը «Հաղթանակ» կուսակցությունով մասնակցում է սեպտեմբերի 17-ի կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին, բացարձակապես չի կաշկանդում, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նույնպես մասնակցում են ավագանու ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վիկտոր Մնացականյանը:
Վիկտոր Մնացականյանը նշեց, որ իրենց շանսերը գնահատում են բավականին լավ. «Կուսակցության ցուցակը պատրաստ է, մնացել է մի քանի շտկում: Մի քանի օրից ամբողջական ցուցակը կներկայացնենք»:
Նա հայտնեց, որ վաղը գումարելու են կուսակցության քաղխորհրդի նիստ եւ առաջին 15 համարը կհստակեցվի. «Մեզ համար կուսակցության համարները ինքնանպատակ չեն, մենք առաջնորդվում ենք ի շահ Երեւանի: Փորձում ենք որոշել, թե ով որքան շատ բան կարող է մայրաքաղաքի համար անել: Մեր խնդիրներն ավելի մասնագիտական, այլ ոչ թե քաղաքական, այսպես ասած՝ ներդաշնակ թիմ ենք»:
Հիշեցնենք, որ առաջադրումների վերջնաժամկետը օգոստոսի 13-ն է, իսկ գրանցումը կիրականացվի մինչև օգոստոսի 18-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի օգոստոսի 23-ից, կավարտվի սեպտեմբերի 15-ին։ Հուլիսի 14-ի դրությամբ Երևանի ընտրողների թիվը 823 559 է՝ մինչդեռ 2018 թվականին եղել 848 343։
Մինչ օրս Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիր» (Տիգրան Ավինյան), «Ապրելու երկիր» (Մանե Թանդիլյան), «Լույս» (Դավիթ Խաժակյան), «Ազգային առաջընթաց» (Հայկ Մարության), «Հանրապետություն» (Արտակ Զեյնալյան), «Ուժը Հայրենյաց» (Նելլի Հարությունյան), «Հաղթանակ» (Վիկտոր Մնացականյան) կուսակցությունները։