Ո՞վքեր են լինելու Մարությանի թիմում, ինչո՞ւ է որոշվել այդ կուսակցության հետ մասնակցել. մանրամասնում է մամուլի պատասխանատուն
Այսօր Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին։ Նա գլխավորելու է Ազգային առաջընթաց կուսակցության ցուցակը։
Aysor.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ Հայկ Մարուքյանի թիմի հետ մասնակցելու է ընտրություններին, իսկ թե ինչու է որոշվել այդ կուսակցության հետ գնալ ընտրություններին՝ Աբգարյանը պատասխանեց.«Անձամբ այդ կուսակցության տղաներին ճանաչում եմ «Մենք ենք տերը մեր երկրի » շարժումից, ինչպես ես և Հայկ Մարությանը, այնպես էլ իրենք եղել են քաղաքացիական պայքարում։ Նրանց գիտեմ, որպես քաղաքացիական պայքարի տղաներ։ Տեսակի առումով լիակատար նմանություն կա այստեղ»։ Ես արդեն հայտարարել եմ, որ մասնակցելու եմ։ Զրույց էի ունեցել Հայկ Մարությանի հետ և նա ինձ հարցրել էր՝ եթե առաջադրվի, արդյո՞ք ես իր հետ կլինեմ։ Ես էլ պատասխանել էի՝ անշուշտ։
Աբգարյանը նաև տեղեկացրեց, որ իրենց դիմում են այն մարդիկ, ովքեր քաղաքապետարանում իրենց հետ ահռելի աշխատանք են կատարել Երևանի համար.«Օրինակ, Քրիստինե Վարդանյանը, ով կանաչապատման մասնագետ է»։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության նախկին պետ Հովսեփ Կուբատյանը, ով Հայկ Մարությանի հետ աշխատանքից ազատվեց, այժմ զբաղվելու է Մարությանի մամուլի հետ կապված հարցերով։
Aysor.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ է որոշվել այդ կուսակցության հետ մասնակցել ընտրություններին, որն այդքան էլ հայտնի չէ ժողովրդի շրջանում՝ պատասխանեց․«Քանի որ օրենքի պահանջ է ընտրություններին կուսակցությունով մասնակցելը, ընտրվել է այնպիսի կուսակցություն, որը նակին և ներկա քաղաքական պրոցեսների հետ որևէ կապ չունենա»։
Դիտարկմանը, թե Մարությա՞նն է նրանց դիմել, թե՞ կուսակցությունն է Մարությանին առաջարկել՝ Կուբատյանը նշեց, որ այդ մասին տեղյակ չէ։
Նաև հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Մարությանը տեղյակ է, որ կուսակցության անդամները ժամանակին աջակցել են Սասնա Ծռերին և արդյո՞ք դրան նորմալ է վերաբերվում, իրեն դա չի՞ կաշկանդում՝ Կուբատյանը պատասխանեց.«Դրա մասին տեղյակ չեմ։ Կուսակցության որոշ անդամներ են եղել, իսկ Մարությանը կուսակցության անդամ չէ։
Նա նաև տեղեկացրեց, որ դրամահավաք է լինելու, իսկ թե ովքեր են իրենց ցուցակում լինելու նախկին թիմից՝ առաջարկեց սպասել, մինչև ցուցակները կներկայացնեն ԿԸՀ։