Թորոսյանը ծխախոտի դարակը բաց տեսել՝ նկարել է․ աշխատակցին տուգանել են
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը «գրվել» է սուպերմարկետներից մեկի աշխատակցի վրա, ինչի պատճառով տվյալ աշխատակցին տուգանել են 300 հազար դրամով։ Irakanum.am–ին հայտնի դարձավ, որ Արսեն Թորոսյանը Երևանի Դեմիրճյան փողոցում գործող սուպերմարկետներից մեկն է մտել և տեսել է, որ ծխախոտի դարակը բաց է, գնումներ է կատարել, ապա դրսում ևս մի քանի րոպե սպասել, որից հետո նկարահանել է այդ ամենն ու զանգահարել տեսչական մարմին։ Կառույցի աշխատակիցները եկել ու սուպերմարկետի աշխատակցին տուգանել են Արսեն Թորոսյանի աչքի առաջ։ Վերջինս ըստ մեր աղբյուրի առանձնակի գոհունակությամբ հետևել է այդ գործընթացին։ Խանութում գտնվող գնորդներից ոմանք անգամ ամոթանք են տվել Թորոսյանին, նշելով, որ աշխատակիցները մշտապես ուշադրությամբ փակում են ծխախոտի վաճառակետի դարակները և պարզապես այդ պահին այլ գործ անելուց է եղել աշխատակիցը և մոռացել է այն փակել։
Թորոսյանը մնացել է անդրդվելի և առանց այն էլ ցածր աշխատավարձ ստացող քաղաքացուն տուգանել են։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունվարի 1-ից հակածխախոտային օրենքի պահանջով փակեցին Հայաստանի բոլոր վաճառակետերի ծխախոտի դարակները: