Պապիկյանը ռազմական ոստիկանությանը կոչ է արել անհանդուրժող լինել արատավոր բարքերի նկատմամբ
Օգոստոսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ռազմական ոստիկանություն, խորհրդակցություն անցկացրել ղեկավար կազմի հետ: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը պաշտպանության նախարարին զեկուցել է զինված ուժերում օրինականության եւ կարգապահության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների, առաջիկա անելիքների մասին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հորդորել է լինել անհանդուրժող արատավոր բարքերի նկատմամբ եւ ջանք չխնայել` դրանք զինված ուժերից արմատախիլ անելու համար:
Անդրադարձ է կատարվել հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, կարգապահության ամրապնդմանն ուղղված զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցությանը եւ այլ թեմաների։
Նախարար Պապիկյանը հանձնարարականներ եւ ցուցումներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: